Մարտի 22-ին Բրբանկի Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդարանը կազմակերպել էր Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված երեկո: Օրվա բազմաթիվ միջոցառումներից մեկը «Աթանյան» արվեստի կենտրոնի աշակերտների ստեղծագործությունների ցուցահանդեսն էր, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Առաջնորդարանի ճեմասրահում ցուցադրված էր ավելի քան 40 աշխատանք` նվիրված Մեծ եղեռնին՝ «Ցեղասպանություն, պահանջատիրություն, վերածնունդ» թեմաներով:
Ներկայացված էին Լուսին Ենգիբարյանի, Հակոբ Անսուրյանի, Լորի Խաժակիի, Սոնյա Խաչատրյանի և Սաթիկ Սերայդարյանի գործերը, որոնք 2014-2015 թվականներին Երևանում կազմակերպված «Մեկ դար և ավելի» խորագրով համահայկական նկարչական մրցույթում արժանացել էին թեմատիկ-խմբակային կատարման գլխավոր մրցանակին, իսկ Փյունիկ Քեշիշյանի, Սիլվա Հայրիկյանի, Լիլիա Գրիգորյանի գործերը նույն մրցույթում արժանացել էին գլխավոր մրցանակի:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթ ունեցավ և «Աթանյան» արվեստի կենտրոնի աշխատանքը մեծապես գնահատեց կոնգրեսմեն Ադամ Շիֆը: Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանն իր ելույթում դրվատանքի խոսքեր հղեց «Աթանյան» արվեստի կենտրոնին, նրա հիմնադիր տնօրեն, մեծ արվեստագետ Վլադիմիր Աթանյանին, որն իր դպրոցով համայնքում հսկայական աշխատանք է կատարում երեխաների հայեցի կրթության և դաստիարակության գործում: Արքեպիսկոպոսը «Աթանյան» արվեստի կենտրոնն արժանացրեց «Գիր օրհնութեան և գնահատանաց» պատվոգրին, որտեղ գնահատվում էին ցուցահանդեսին մասնակցող բոլոր աշակերտներն ու նրանց ուսուցիչները՝ Գոռ Աթանյանը, Իրինա Սրապիոնյանը, Անի Վարդանյանը, Պոլետ Զարգարյանը, Թամար Խաչատրյանը և Վահան Աթանյանը:
Ցուցահանդեսի ձևավորումը կատարել էին Գոռ և Վահան Աթանյանները: Ցուցադրված գործերը վկայում են «Աթանյան» արվեստի կենտրոնի աշակերտների խորին ցասումը ցեղասպանությանը և այն, որ նրանք երբեք չեն մոռանալու հայոց 1,5 միլիոն նահատակների հիշատակը: Նրանք վճռական են ու լի պահանջատիրությամբ, նաև համոզված՝ մեր ժողովրդի վերածնունդով ու բարգավաճման ապագայով:
Նաիրա
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Լոս Անջելես